Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes G» և մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes G»-ն («Յաշիկ») մեկնում էր հարսանեկան արարողության, երբ տեղի է ունեցել վթարը, իսկ այն մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Նշված «Mercedes G»-ի հետ մեկ այլ «Mercedes G» էլ էր մեկնում հարսանիքի, որը կրկին Թբիլիսյան խճուղում բախվել էր կայանված «Toyota»-ին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ «Toyota»-ի։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Բախման հետևանքով էլ «Toyota»-ներից մեկը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Լևոն Միքայելյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Իսկ «Յաշիկը», ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի քանի «Յաշիկների» հետ մեկնում էին հարսանեկան արարողության։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի


