Կրթության ոլորտում ատեստավորման գործընթացը չհաղթահարած ուսուցիչների նկատմամբ սահմանվել է հստակ մոտեցում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այն ուսուցիչները, որոնք ատեստավորման քննությունը երկու և ավելի անգամ չեն հաղթահարել, չեն կարող շարունակել իրենց աշխատանքը որպես դասավանդող։
Նախարարը նշել է, որ այս պահին արդեն իսկ կա մոտ 80 ուսուցիչ, որոնք մեկից ավելի անգամ չեն կարողացել հաղթահարել ատեստավորման պահանջները։ Նրանց հետ կապված համապատասխան որոշումն արդեն ընդունված է։
Անդրեասյանի խոսքով՝ ուսուցչի աշխատանքի գնահատման հիմքում պետք է լինի ոչ միայն նրա մարդկային հատկանիշները, այլև մասնագիտական պատրաստվածությունն ու առարկայական գիտելիքները։ Քանի որ ուսուցիչը անմիջականորեն աշխատում է երեխաների հետ, նրա մասնագիտական կարողությունները կարևոր նշանակություն ունեն կրթության որակի ապահովման համար։


