Վայոց ձորի մարզի մի քանի բնակավայրերում մարդիկ շարունակում են գիշերները անհանգիստ անցկացնել։ Պատճառը արդեն գրեթե մեկ ամիս գյուղ առ գյուղ պտտվող դիմակավորված անձն է, որի ինքնությունը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբից Մալիշկա, Գետափ, Ագարակաձոր, Վայք և Արտաբույնք բնակավայրերում գիշերային ժամերին նկատվում է դիմակավորված անձ, որը, ըստ բնակիչների, քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ և ահաբեկում մարդկանց։
«Կասկածյալը տեղաշարժվում է արագ, հաղթահարում է 2-3 մետր բարձրությամբ ցանկապատեր և խուճապ է տարածում բնակիչների շրջանում։ Բարեբախտաբար, արդեն երկու օր է՝ նրանից լուր չունենք, չի հայտնվում, բայց դա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստենք ու ոչինչ չանենք։ Բոլոր գյուղերում երիտասարդները շարունակում են հերթապահել։ Անհանգստացնող է, որ դեռ չգիտենք՝ ով է և ինչ կարող է անել»,- MediaHub-ին փոխանցեց մարզի բնակիչը։
Անհայտ անձին վերջին անգամ նկատել են երկու օր առաջ՝ Արտաբույնք գյուղում։ Դրանից հետո նրա հայտնվելու վերաբերյալ տեղեկություններ չեն եղել Մալիշկայի, Ագարակաձորի և մյուս բնակավայրերի համայնքապետարաններից։
Համայնքապետերից MediaHub-ին հայտնել են, որ այս պահին առաջին օրերի համեմատ իրավիճակն ավելի հանգիստ է, և բնակավայրերում խուճապային իրավիճակ չկա։
Ոստիկանությունը և իրավապահ մարմինները դեպքերի առնչությամբ իրականացնում են ստուգումներ և համապատասխան միջոցառումներ՝ անհայտ անձին հայտնաբերելու և նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, բնակիչները շարունակում են հերթապահել՝ մտահոգ լինելով, որ անձը կարող է հայտնվել մեկ այլ բնակավայրում։ «Էդ ո՞ւր են բարձր պարգևավճար ստացող պարեկները, ԱԱԾ-ի ուժեղ տղաները, կարմիր բերետավորները, որ չեն կարող մի դիմակավորված անձի հայտնաբերել»,- դժգոհեց Վայոց ձորի բնակիչը՝ չբացառելով, որ անհայտ անձը կարող է շուտով հայտնվել մեկ այլ գյուղում։


