Օգոստոսի 3-ին Կոտայքի մարզի Պտղնիի ձորում վնասված «Արզնի-2» ջրատարի դեպքով Ջրային կոմիտեում վարչական վարույթ է հարուցվել։
Ջրային կոմիտեի տվյալներով՝ ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող 900 մմ տրամագծով ջրատարի սանիտարական գոտում տնտեսվարողը հողային աշխատանքներ է իրականացրել՝ առանց դրանք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համաձայնեցնելու և առանց խողովակաշարի անվտանգության պահանջները պահպանելու։
Կոմիտեից հայտնում են, որ տնտեսվարողի ինքնագործունեության հետևանքով վնասվել են ջրատարի հենարանների հիմքերը և քանդվել է «Արզնի-2» ջրատարի հիմքը։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ ջուր է արտահոսել։
Վերականգնողական աշխատանքների պատճառով զգալի ժամանակով դադարեցվել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը։
Դեպքից հետո Ջրային կոմիտեում աշխատանքային խումբ է ստեղծվել, ուսումնասիրություն է իրականացվել և վարչական վարույթ հարուցվել։
Կոմիտեն տնտեսվարողներին կոչ է արել ջրատարների սանիտարական և պահպանության գոտիներում ցանկացած աշխատանք նախապես համաձայնեցնել համապատասխան մարմինների և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ։


