Ինչո՞ւ էին վրաերթի ենթարկված զինվորներին պատժել. ինչ են հայտնում ՊՆ–ն ու ՔԿ–ն
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի ժամանակ զինծառայողները հակագազերով չեն եղել։ Այս հայտարարությունը տարածել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն` հերքելով մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերից մեկը։
«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊՆ-ի և ՔԿ-ի համատեղ հաղորդագրությունում։
Գերատեսչությունները հիշեցրել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ, և դժբախտ պատահարի հանգամանքները քննության առարկա են։
Հիշեցնենք`hraparak.am-ը հայտնել էր, որ վթարից առաջ՝ երեկոյան, զորամասի ճաշարանում նորակոչիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Զինվորները միմյանց քաշքշել, հրել և հարվածել են։ Դրանից հետո, ըստ մեր աղբյուրների, շտաբի պետը որոշել է պատժել նրանց։
Մեր տեղեկություններով՝ զինծառայողներին քնից առաջ դուրս են բերել վազքի, ընդ որում՝ հակագազներ են հագցրել և հրահանգել վազել հակագազներով։
Ըստ աղբյուրների՝ ողբերգական պահին զինվորների դեմքին հենց հակագազներն են եղել, ինչի հետևանքով նրանք չեն նկատել մոտեցող մեքենան։
Ավելի վաղ «Հրապարակին» հայտնի էր դարձել, որ վրաերթի ենթարկված և զոհված զինծառայողը զորակոչվել էր մեկ ամիս առաջ։ Նա գտնվում էր ուսումնական կենտրոնում, որտեղ, մեր տեղեկություններով, զինծառայողները անցնում են խստացված՝ շուրջ վեցամսյա դասընթացներ, որից հետո միայն տեղափոխվում համապատասխան զորամասեր։
Մեր տեղեկություններով՝ զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը ևս պայմանագրային զինծառայող է։ Այդ օրը նա, ըստ մեր աղբյուրների, ծառայողական նպատակով դիրքեր սնունդ էր տեղափոխել՝ չնայած, որ պաշտոնապես հաղորդվում է, որ նա չուներ վարորդական իրավունք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/0e7cd25f199290a414d82ec53fbb5c7e
© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»


