Ովքե՞ր են Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի ենթարկված 6 քաղաքացիները
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Վահան ճանապարհին բեռնատարի մասնակցությամբ վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նշենք, որ shamshyan.com-ը երեկ հայտնել էր, որ օգոստոսի 19-ին, ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը 6 անձի վրաերթի էր ենթարկել: Նրանցից մեկը մահացել է, մյուսները տեղափոխվել էին հիվանդանոց:
«Մահացածը Սուրեն Մամբրեի Վարդանյանն է։ Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»,- հայտնում են ՊՆ-ից:
Գերատեսչությունից նաև ընդգծել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Ըստ տեղեկությունների` զինվորները ծառայում են Ճամբարակի զորամասում։


