ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման ժամանակ սուր բանավեճ է ծավալվել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի միջև։
Դիմելով Հարությունյանին՝ Մանուկյանը հիշեցրել է նրա նախորդ օրվա հայտարարությունը, ըստ որի՝ իշխանությունը բուհերի կառավարման խորհուրդներում իր ներկայացուցիչներին նշանակել է այն պատճառով, որ տեսել է՝ նախկինները փորձում են վերահսկողություն սահմանել այդ հաստատությունների նկատմամբ։
«Երեկ դուք դարակազմիկ բան ասացիք․ հայտարարեցիք, թե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում թողել էիք Գրիգոր Մինասյանին, բայց հետո տեսել եք, որ ուզում են վերցնել բուհը, դրա համար որոշել եք դուք վերցնել»,- ասել է Մանուկյանը։
Նա նշել է, որ իշխանությունը տարիներ շարունակ փոխել է բուհերի ղեկավարներին և սեփական թիմակիցներին նշանակել տարբեր պաշտոններում՝ հիշատակելով նաև հանգուցյալ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին։
Շարունակելով իր խոսքը՝ ընդդիմադիր պատգամավորը քննադատել է նաև դատական համակարգի և ընտրական գործընթացների վերաբերյալ իշխանության քաղաքականությունը՝ հեգնանքով նշելով․
«Հետո ասացիք՝ դատավորները ոնց որ ալաբուլա են, եկեք դատարաններն էլ վերցնենք։ Հասաք 2026 թվական, ասացիք՝ էս ընդդիմությունը ոնց որ ուզում է ընտրությունները կեղծել, եկեք մենք կեղծենք, պրծնենք։ Շատ «железный» տրամաբանություն է»։
Արայիկ Հարությունյանն իր հերթին արձագանքել է անեկդոտով՝ նշելով, որ իշխանությունը պատրաստ է ընդունել սեփական սխալները։
«Մենք մեր սխալներն ընդունում ենք։ Նույն բուհերի հետ կապված հարցը, օրինակ, 2029 թվականին վերջնականապես կլուծվի։ Բայց դուք նույն ձև գեշ էլ կմնաք»,- ասել է նա։
Գեղամ Մանուկյանն ի պատասխան հայտարարել է, որ իշխանության կողմից սխալների ընդունումը բավարար չէ, երբ դրանց հետևանքները կրում է ամբողջ երկիրը։
«Արցախի հարցում՝ սխալվել ենք, արտաքին քաղաքականության հարցում՝ սխալվել ենք, Հռչակագրի հարցում՝ սխալվել ենք։ Այս երկիրը որբի գլուխ չէ, որ խուզելով գնաք ու հետո ասեք՝ կներեք, մյուս անգամ չենք անի։ Դրա համար ենք ասում՝ գնացե՛ք»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը՝ հեռանալով ամբիոնից։
Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքել է՝ կատակելով․
«Նոր ենք եկել, ուր գնանք»։


