Արդեն ավելի քան 10 օր է՝ անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում։ Գյուղի բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին, ինչպես նաև բնակիչներին վախեցնելու գործողություններ է կատարում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ դիմակավորված անձը շատ արագ է տեղաշարժվում և, մինչ իրենք կամ իրավապահները կհասցնեն մոտենալ, կարողանում է հեռանալ ու թաքնվել։ Ու դեպքերը հիմնականում տեղի են ունենում գիշերային ժամերին՝ ժամը 00։00-ից հետո, ինչի հետևանքով գյուղում մարդիկ վախով են գիշերում և ստիպված են լինում ուշ ժամերին հետևել իրենց տներին ու բակերին։
Բնակիչները խնդրի վերաբերյալ դիմել են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին, սակայն այս պահի դրությամբ անկոչ հյուրին հայտնաբերել դեռևս չի հաջողվել։
Ստեղծված իրավիճակը լրջորեն անհանգստացնում է Մալիշկա բնակավայրի բնակիչներին։ Նրանք մտավախություն ունեն, որ եթե անհայտ անձի գործողությունները շարունակվեն, հնարավոր է՝ հերթական անգամ գույքային վնաս պատճառելուց բացի, վտանգ ստեղծվի նաև մարդկանց կյանքի և առողջության համար։
Բնակիչները նաև հայտնել են, որ գյուղի մի խումբ երիտասարդներ վերջին օրերին իրենց ուժերով փորձում են հայտնաբերել անհայտ անձին և կանխել նրա գործողությունները։


