Աղիքային քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառը
Երիտասարդ տարիքում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի աճը կարող է կապված լինել նստակյաց ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության պակասի հետ։ Ինչպես գրում է MediaTime.am-ը, այս մասին Daily Mail-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքի Վաշինգտոնի համալսարանի ուռուցքաբան, վիրաբուժության և բժշկության դոցենտ Յին Ցաոն։

Բժշկի խոսքով՝ երկար տարիներ հաստ աղիքի քաղցկեղը համարվում էր հիմնականում տարեցների հիվանդություն, սակայն վերջին երեք տասնամյակների ընթացքում նկատվում է մտահոգիչ միտում. հիվանդությունը զգալիորեն «երիտասարդացել» է։ 1990-ականների սկզբից մինչև այսօր 25-49 տարեկան մարդկանց շրջանում ախտորոշված դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է։

Յին Ցաոն ընդգծել է, որ այս աճի գլխավոր պատճառներից մեկը ժամանակակից կյանքի ձևն է։ Նրա խոսքով՝ երիտասարդներն այսօր շատ ավելի երկար ժամանակ են անցկացնում նստած վիճակում՝ աշխատելով համակարգչի առջև, օգտվելով սմարթֆոններից և ավելի քիչ շարժվելով առօրյա կյանքում։

Մասնագետը նշել է, որ բազմաթիվ գիտական հետազոտություններ ցույց են տալիս՝ ոչ առողջ սննդակարգը ևս բացասաբար է ազդում աղիքների առողջության վրա և կարող է մեծացնել հիվանդության զարգացման հավանականությունը։

Բժիշկները խորհուրդ են տալիս նվազեցնել երկարատև նստած ժամանակը, պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, սննդակարգում ավելացնել բջջանյութով հարուստ մթերքների օգտագործումը և ուշադրություն դարձնել աղիքային առողջությանը, քանի որ վաղ կանխարգելումն ու ժամանակին հետազոտությունները կարող են էական դեր ունենալ հիվանդության ռիսկի նվազեցման գործում։
Աղբյուրը՝ Daily Mail


