Հարբած հայրը դաժան ծեծի է ենթարկել իր մեկուկես տարեկան դստերը. երեխան ծանր վիճակում է
Ռուսաստանի Կուրգանի մարզում 28-ամյա տղամարդը կասկածվում է իր փոքրիկ դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, իսկ տղամարդը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է MediaTime.am-ը՝ հղում անելով gazeta.ru-ին։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և բռնություն է գործադրել 2024 թվականին ծնված աղջնակի նկատմամբ։ Նա երեխային բազմաթիվ հարվածներ է հասցրել և պատճառել գլխի ծանր վնասվածք։ Դեպքի վայրից հրապարակված կադրերում երևում է, որ սենյակը ամբողջությամբ արյունոտված է եղել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ որոշ ժամանակ անց տուն է վերադարձել երեխայի մայրը, որը անմիջապես շտապօգնություն է կանչել։ Բժիշկները երեխայի վիճակը գնահատել են որպես ծանր, և այժմ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Իրավապահները տղամարդու գործողությունները գնահատել են որպես սպանության փորձ։ Քննչական մարմինները հայտնել են, որ նա ձերբակալվել է և արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ։ Ներկայում քննարկվում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։
Քննությունը շարունակվում է, և իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։


