Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը
Մոսկվան և Երևանը շարունակում են քննարկել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժնի բացման հարցը։ Ինչպես գրում է Mediatime.am-ը, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։
Նրա խոսքով՝ երկու նախաձեռնություններն էլ շարունակում են մնալ ռուս-հայկական երկկողմ օրակարգում, սակայն դրանց իրականացման հստակ ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։
«Այս պահին թե՛ Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժնի բացման, թե՛ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցերը օրակարգից հանված չեն, սակայն որևէ կոնկրետ ժամկետի մասին խոսելը վաղաժամ է», — նշել է Մամիևը։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեռևս 2023 թվականին հայտարարել էր Հյուսիսային Օսիայում հայկական հյուպատոսական գրասենյակ բացելու ծրագրերի մասին։
Մամիևը նաև ընդգծել է, որ Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչությունն ունի կայուն աշխատանքային կապ Ռոստովի հայկական գլխավոր հյուպատոսության հետ։ Համագործակցությունը ներառում է նաև «Վերին Լարս» անցակետի հետ կապված հարցերը, որոնք վերաբերում են հայկական բեռնափոխադրողներին։
«Վերին Լարս» անցակետը շարունակում է մնալ Ռուսաստանը Վրաստանի, այնուհետև Հայաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին, ինչը այն դարձնում է ռազմավարական կարևոր նշանակության հաղորդակցային ուղի երկու երկրների միջև։


