Այսօր՝ օգոստոսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում, դեպի Արմավիրի մարզ ընթանալիս, վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


