Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը՝ օդը տաքացել է մինչև 42,5°C, հաղորդում է AFP-ը։
Աննորմալ շոգի ֆոնին իշխանությունները կոչ են արել բնակիչներին անմիջապես դադարեցնել բացօթյա ցանկացած աշխատանք և հնարավորության դեպքում մնալ օդորակիչ ունեցող փակ տարածքներում։
Ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է կիրակի օրը երկրի հարավ-արևելքում գտնվող Յանսան քաղաքում։ Կորեայի օդերևութաբանական վարչության տվյալներով, ջերմաչափի սյունը բարձրացել է մինչև 42,5°C, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը օդերևութաբանական դիտարկումների մեկնարկից ի վեր՝ ավելի քան 100 տարվա ընթացքում։
Յանսանն արդեն հինգերորդ օրն անընդմեջ մնում է ծայրահեղ շոգի էպիկենտրոնը․ այստեղ ջերմաստիճանը գերազանցում է 40°C-ը, մինչդեռ այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Տեգուում և Պուսանում, օդը տաքանում է մինչև 37–39°C։
Աննորմալ շոգի պատճառով երկրի ավելի քան 20 շրջաններում հայտարարվել է արտակարգ նախազգուշացման մակարդակ։ Այս կարգը ներդրվել է 2026 թվականին և կիրառվում է, երբ զգացվող ջերմաստիճանը հասնում է 38°C-ի, իսկ փաստացինը՝ 39°C-ի։
Օդերևութաբանական ծառայությունը բնակիչներին կոչ է արել անհապաղ դադարեցնել բացօթյա ցանկացած աշխատանք և զբաղմունք, տեղափոխվել զով տարածքներ կամ հատուկ հովացման կետեր, ինչպես նաև կանոնավոր ջուր խմել։ Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ առանց օդորակման տարածքներն էլ կարող են վտանգ ներկայացնել։
Ծայրահեղ շոգն արդեն ազդել է մարզական միջոցառումների անցկացման վրա։ Կորեական բեյսբոլի կազմակերպությունը երկրորդ օրն անընդմեջ չեղարկել է Չհանվոն քաղաքում նախատեսված հանդիպումը, որտեղ ջերմաստիճանը հասել է 39,5°C-ի։ Լիգայում ընդգծել են, որ որոշումն ընդունվել է խաղացողների և հանդիսատեսի անվտանգության շահերից ելնելով։
Կորեայի օդերևութաբանական վարչության տվյալներով, վերջին հինգ տարիներին տարեկան առնվազն 33°C ջերմաստիճանով օրերի միջին թիվն աճել է մինչև 19, մինչդեռ 1970-ականներին այդ ցուցանիշը կազմել է մոտ 8 օր։
Գիտնականները շոգի ալիքների հաճախացումն ու ուժգնացումը կապում են մարդկային գործունեության հետևանքով առաջացած կլիմայի փոփոխության հետ։ Այս տարի լրացուցիչ գործոն է դարձել Էլ Նինյո կլիմայական երևույթի վերադարձը, որը նպաստում է գլոբալ ջերմաստիճանների աճին և աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում եղանակային պայմանների փոփոխությանը։
Հարավային Կորեան դարձել է այն երկրներից մեկը, որոնք այս ամառ բախվել են ծայրահեղ շոգի։ Ավելի վաղ երկարատև տապի ալիքներն ընդգրկել էին Եվրոպայի զգալի մասը, որտեղ ջերմաստիճանը նույնպես գերազանցել էր 40°C-ը՝ ուղեկցվելով լայնածավալ անտառային հրդեհներով և անվտանգության ուժեղացված միջոցների ներդրմամբ։


