Հետաքննություններ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողությունները տևել են ավելի քան 11 ժամ։ Iravaban.net-ը տեղեկանում է պաշտպան Էմին Խաչատրյանի հայտարարությունից։
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը հայտնեց, որ տեղի է ունեցել երկու առերեսում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող երկու եղբայրների հետ։ Ըստ պաշտպանի՝ առերեսումներն անցել են հապշտապ և ուղեկցվել են պաշտպանության իրավունքի սահմանափակումներով։ Բացի դրանից՝ պաշտպանը տեղեկացրեց, որ Կոնյակի գործարանի հետ կապված Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ հարկերից խուսափելու հոդվածով (ՔՕ 290-րդ հոդված), ինչը նա որակեց որպես «զավեշտ». «Բոլորին արդեն հայտնի է, որ պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման, ու այդ բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն առհասարակ չէր կարող ունենալ… Պարոն Ծառուկյանն էլ իր գնահատականը տվեց, մենք էլ ենք գնահատում որպես քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ, որովհետև չի կարող նման բան լինել, որ մի օրում միանգամից ակտիվանան տարբեր ժամանակահատվածներում հարուցված գործեր կամ նոր գործեր հարուցվեն»։


