Մբապեն շրջանցեց Մեսսիին․ նա գլխավորում է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը
Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն նոր էջ գրեց ֆուտբոլի պատմության մեջ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար Անգլիայի դեմ կայացած գոլառատ և դրամատիկ հանդիպմանը (4:6): Չնայած իր թիմի պարտությանը՝ ֆրանսիացի աստղը միանգամից մի քանի տպավորիչ ռեկորդ սահմանեց։
Անգլիացիների դեմ խաղի 48-րդ և 66-րդ րոպեներին գրավելով դարպասը՝ Մբապեն դուբլ ձևակերպեց և Մունդիալներում խփած իր գոլերի ընդհանուր քանակը հասցրեց 22-ի: Առաջին գնդակով նա հավասարվեց արգենտինացի Լիոնել Մեսսիին, իսկ երկրորդով՝ շրջանցեց նրան՝ միանձնյա գլխավորելով Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը: Մեսսիի ակտիվում այժմ կա 21 գոլ:
Հարձակվողը նաև բարելավեց Աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլերում խփած գոլերի քանակի սեփական ռեկորդը: Այժմ նրա ակտիվում կա 14 գոլ՝ անցկացրած 13 խաղում: Այս ցուցանիշով նրան հաջորդում են բրազիլացի լեգենդներ Լեոնիդասը (8 գոլ՝ 5 հանդիպումներում) և Ռոնալդոն (8 գոլ՝ 10 խաղում):
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ԱԱ-2026-ում (հունիսի 11-ից հուլիսի 19-ը) Մբապեն վստահորեն գլխավորում է նաև մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը.
- Կիլիան Մբապե (Ֆրանսիա) – 10 գոլ, 4 արդյունավետ փոխանցում
- Լիոնել Մեսսի (Արգենտինա) – 8 գոլ, 4 արդյունավետ փոխանցում
- Էրլինգ Հալանդ (Նորվեգիա) – 7 գոլ
- Ջուդ Բելինգհեմ (Անգլիա) – 7 գոլ
- Ուսման Դեմբելե (Ֆրանսիա) – 6 գոլ
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող չեմպիոնն Արգենտինայի ազգային հավաքականն է:

