Հրավառության սարքից 4-ամյա երեխա է մահացել
MediaTime.am-ը՝ վկայակոչելով People.com-ին, գրում է.
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում Անկախության օրվա տոնակատարությունն ավարտվել է ողբերգությամբ։ Չորսամյա Ռեթ Լաթրելը մահացել է հրավառության դժբախտ պատահարի հետևանքով, երբ ընտանիքի կազմակերպած տոնակատարության ժամանակ հրավառության սարքը շրջվել է և կրակել երեխայի ուղղությամբ։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 4-ի երեկոյան՝ Սոմերսեթ քաղաքում։ Ականատեսների խոսքով՝ այսպես կոչված «cake-style» հրավառության տուփի խողովակներից մեկը թեքվել է, ինչի հետևանքով արձակված հրավառությունը հարվածել է փոքրիկին։ Երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Իրավապահ մարմինները դեպքը որակել են որպես դժբախտ պատահար և շարունակում են հետաքննությունը։
Մասնագետները հերթական անգամ հիշեցնում են, որ նույնիսկ օրինական վաճառվող հրավառությունները կարող են վտանգավոր լինել, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները և դրանցից անվտանգ հեռավորություն չպահպանվի։


