Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում բախվել են «Volkswagen» մակնիշի, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ԳԱԶ 3110»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


