Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Դդմաշեն բնակավայրում քաղաքացին էլեկտրահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի, բաժնի պետի տեղակալ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Նվեր Բ․-ն է, ով ժամը 16։40-ի սահմաններում Դդմաշեն բնակավայրի 1-ին փողոցի նրբանցքներից մեկի բակում հարթ հատակի բետոնապատումից հետո ուղղորդիչ մետաղական խողովակը (մայակ) բարձրացնելու ժամանակ խողովակի ծայրը առնչվել է վերևով անցնող բարձրավոլտ լարի հետ, ինչի արդյունքում հոսանքահարվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։


