«Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի Ազգային ժողովի մանդատները։ Այս մասին հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ այդ որոշումը կայացվել է երկու հնարավոր սցենարների քննարկումից հետո։
Կարապետյանի խոսքով՝ քննարկվել է ինչպես Ազգային ժողով չմտնելու և միայն փողոցային պայքարի տարբերակը, այնպես էլ խորհրդարանում ներկայացվածություն ունենալու տարբերակը։ Եկել են եզրակացության, որ քաղաքական փոփոխությունների համար անհրաժեշտ է համատեղել փողոցային պայքարը և խորհրդարանական ներկայությունը։
«Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան՝ փողոցային պայքար և Ազգային ժողովում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ հենց այդ պատճառով դաշինքը որոշել է վերցնել մանդատները և ներկայացված լինել Ազգային ժողովում՝ ընդգծելով, որ դա չի նշանակում խորհրդարանի գործող կազմի կամ իշխանության լեգիտիմության ճանաչում։
Նա հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանը» չի ճանաչում իշխանության ներկայացվածության ներկայիս համամասնությունը։ Կարապետյանի խոսքով՝ դաշինքը շարունակելու է իր քաղաքական պայքարը՝ նաև համայնքային ընտրություններին մասնակցելու միջոցով։
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը՝ մերժելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները:

