Ծեծկռտուքներ, հերթերում՝ մահվան դեպքեր․ ՌԴ-ում բենզինի հերթերը հասել են ռեկորդային մակարդակի
MediaTime.am-ը գրում է.
Ռուսաստանում խորանում է վառելիքի ճգնաժամը։ Երկրի տարբեր շրջաններում բենզալցակայաններում ձևավորվել են երկար հերթեր, իսկ մի շարք վայրերում իշխանությունները սահմանափակել են բենզինի վաճառքը՝ մատակարարումները կայունացնելու նպատակով։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ընդունել է, որ երկրում վառելիքի պակաս կա՝ այն կապելով նավթավերամշակող գործարանների վրա ուկրաինական հարվածների հետևանքների հետ։ Նրա խոսքով՝ կառավարությունը շուրջօրյա աշխատում է մատակարարումները վերականգնելու ուղղությամբ, իսկ դիզելային վառելիքի արտահանման արգելքի հարցը նույնպես քննարկվում է։
Մինչդեռ միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում վարորդները ստիպված են ժամերով սպասել բենզալցակայաններում։ Որոշ շրջաններում մեկ մեքենային վաճառվող վառելիքի քանակը սահմանափակվել է, իսկ առանձին բենզալցակայաններում ժամանակավորապես սպառվել է բենզինը։
Փորձագետների գնահատմամբ՝ ճգնաժամի հիմնական պատճառը ռուսական նավթավերամշակող գործարանների վրա շարունակվող հարվածներն են, որոնք զգալիորեն կրճատել են վառելիքի արտադրությունը։ Արդյունքում աճել են գներն ու հերթերը, իսկ իշխանությունները ստիպված են եղել կիրառել արտակարգ միջոցառումներ՝ ներքին շուկան ապահովելու համար։

