ԿԳՄՍՆ-ից հայտնում են
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն այսօր շարունակվել են Արարատի և Արմավիրի մարզերում:
Խորհրդակցությունները վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, մարզային կրթության վարչությունների պատասխանատուները, դպրոցների տնօրենները, վարչատնտեսական մասի համակարգողները և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ։
«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը անդրադարձել է ենթակայության փոփոխության փուլերին և նախատեսվող քայլերին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտում իրականացվող բոլոր բարեփոխումները հանրապետության բոլոր դպրոցներում պետք է ներդրվեն հավասարաչափ և միասնական չափանիշների համաձայն։
Այդ խնդրի լուծմանն էլ միտված է դպրոցների կենտրոնացումը ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո։ Նախարարի տեղակալն ընդգծել է՝ կրթության բովանդակությանը վերաբերող բոլոր գործառույթները, դպրոցների բովանդակային կառավարման հետ կապված լիազորությունները փոխանցվում են ԿԳՄՍ նախարարությանը։ Իսկ դպրոցների կառավարման վարչատնտեսական գործառույթները՝ շենքերի և շինությունների պահպանումը, շահագործումը, բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև դպրոցների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունները՝ անվտանգություն, մաքրություն, տեխնիկական սպասարկում, սննդի կազմակերպում, լոգիստիկ հարցեր, շարունակելու են իրականացել մարզպետարանները։
«Այս գործընթացն ունի մեկ կարևոր առանձնահատկություն․ ոչ միայն մարզային ենթակայության դպրոցներն են անցնում ԿԳՄՍ նախարարության ենթակայության, այլև նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցների վարչատնտեսական գործառույթները փոխանցվում են մարզպետների աշխատակազմերին։ Արդյունքում ձևավորվում է կառավարման մի համակարգ, որտեղ դպրոցների բովանդակային կառավարումն իրականացվելու է նախարարության, իսկ վարչատնտեսական կառավարումը՝ մարզպետների աշխատակազմերի կողմից»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցրել է, որ ենթակայության փոփոխությունը չի ազդելու դպրոցների գործունեության վրա․ ուսումնական հաստատությունները կշարունակեն գործել նույն սկզբունքներով՝ բովանդակային հարցերում սերտորեն համագործակցելով նախադրության հետ։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ տնօրենների մրցույթի անցկացման կարգում այս պահին որևէ փոփոխություն նախատեսված չէ։ Տնօրենի ընտրության գործընթացը, ներառյալ հարցազրույցի փուլը, շարունակելու է իրականացվել մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ, տնօրենները նշանակվելու են ԿԳՄՍ նախարարի կողմից։ Վարչատնտեսական համակարգողների դեպքում գործատուն լինելու է մարզպետը, և նրանց նշանակումն ու աշխատանքային պայմանագրերի կնքումն իրականացնելու են մարզպետարանները։
Անդրադառնալով հետագա աշխատանքների կազմակերպմանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նախարարությունում լինելու են մարզային համակարգողներ, որոնք կապող օղակ կլինեն նախարարության և դպրոցների միջև, կաջակցեն ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, կապահովեն արդյունավետ հաղորդակցությանը և կնպաստեն առաջացող հարցերի արագ ու հասցեական լուծմանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև գործառույթների փոխանցման առանձնահատկություններին, ֆինանսավորման և թվայնացման համակարգերում նախատեսվող փոփոխություններին, դպրոցների կանոնադրությունների փոփոխության իրավական ընթացակարգերին վերաբերող հարցեր։
Արաքսիա Սվաջյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տնօրենների դասավանդմանը, ավագ դպրոցի ընդունելության նոր՝ առցանց հայտագրմանը և մի շարք այլ հարցերի:


