Հայաստանը դու՞րս է բերում ռուս սահմանապահներին. ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում ռուս սահմանապահների ապագայի մասին․ Գալուզինը մեկնաբանել է «Թրամփի երթուղու» նախագիծը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանից որևէ ազդակ չի ստացել, որը կարող էր վկայել, թե հայ-ամերիկյան «Թրամփի երթուղու» նախագծի իրականացումը կհանգեցնի ռուս սահմանապահների դուրսբերմանը։
RTVI-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջնորդվել 1992 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով, որը կարգավորում է ռուս սահմանապահների ծառայությունը Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին։
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ 1992 թվականի համաձայնագիրը շարունակում է գործել և կիրականացվի»,– ասել է Գալուզինը։
Նա հիշեցրել է, որ «Թրամփի երթուղին», որի շուրջ վերջին շրջանում ակտիվ քննարկումներ են ընթանում, նախատեսվում է անցկացնել այն տարածքով, որտեղ ռուս սահմանապահները երկար տարիներ հայ գործընկերների հետ համատեղ ապահովում են Հայաստանի պետական սահմանի պահպանությունը Թուրքիայի և Իրանի ուղղությամբ։
Ռուս պաշտոնյան հիշեցրել է նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ապրիլին հայտարարել էր՝ հայ սահմանապահներն աստիճանաբար կստանձնեն որոշ հատվածների պահպանությունը, ինչը, ըստ նրա, նախատեսված է գործող պայմանագրով և չի նշանակում ռուս սահմանապահների առաքելության ավարտ։
Աղբյուր՝ RTVI


