Ինչ փուլում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի շենքի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Նշվում է, որ ծրագրի իրականացման առաջին փուլում այս տարի ավարտվել են հուշակոթողի տասներկու մույթերից երեքի և թանգարան-ինստիտուտի վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։ Իրականացվել են նաև հուշահամալիրին հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ։ Կառուցվել են ջրամբար և պոմպակայան, ինչը հնարավորություն է տալիս գործարկել ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգ։
«Ծրագրի իրականացման երկրորդ փուլում վերանորոգվելու են հուշարձանի հաջորդ երեք մույթերը։ Ըստ ծրագրի՝ այնուհետև փուլ առ փուլ վերանորոգվելու են մնացած բոլոր մույթերը։ Աշխատանքներ են կատարվելու նաև թանգարան-ինստիտուտի տանիքի մնացած մասի վերանորոգման ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում թե՛ թանգարանը, թե՛ հուշահամալիրը շարունակելու են գործել բնականոն ռեժիմով և բաց են լինելու այցելուների, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների համար։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։ Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվել են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։


