Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում, Լանջառ գյուղի վարչական տարածքում բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, կա 4 վիրավոր, վիրավորներից 1-ը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Կարապետյանը և Ավետիս Խաչատրյանը։Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


