ՌԴ-ն հարվածել է ուկրաինացիների գլխավոր սրբավայրին՝ Կիև-Պեչերյան լավրային | ՏԵՍԱՆՅՈՒԹ
MediaTime.am-ը գրում է.
ՌԴ-ն հերթական հարձակման ընթացքում հարվածել է Ուկրաինայի կարևորագույն հոգևոր և պատմամշակութային կենտրոններից մեկին՝ Կիև-Պեչերյան լավրա-ին։ Հարվածի հետևանքով վնասվել են վանական համալիրի մի շարք շինություններ, այդ թվում՝ Վերափոխման տաճարի հատվածները։
Կիև-Պեչերյան լավրան համարվում է ուկրաինացիների գլխավոր սրբավայրերից մեկը և ուղղափառ աշխարհի ամենանշանավոր վանական համալիրներից։ Այն հիմնադրվել է 11-րդ դարում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ հարվածն իրականացվել է ռուսական անօդաչու թռչող սարքով, ինչի հետևանքով վնասվել են տաճարի տանիքը, պատերը և համալիրի այլ հատվածներ։ Ռուսական կողմը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ վնասը կարող էր առաջանալ ուկրաինական հակաօդային պաշտպանության գործողությունների հետևանքով։
Դեպքը լայն արձագանք է առաջացրել Ուկրաինայում, քանի որ Կիև-Պեչերյան լավրան ոչ միայն կրոնական կենտրոն է, այլև երկրի պատմության, մշակույթի և ազգային ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը։


