Իրավիճակը ԿԸՀ նիստում լարվեց, երբ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ով ընթերցում էր ԿԸՀ որոշումը ընտրության արդյունքների վերաբերյալ, հայտարարեց, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։
«Ո՞նց չի ազդում»,– հնչեցին հարցադրումներ։ ԿԸՀ նախագահը հորդորեց չխանգարել նիստը. «Երբ ԿԸՀ–ն որոշում ընդունի, դուք իրավունք ունեք դիմելու Սահմանադրական դատարան։
Նիստին ներկաները չէին հանդարտվում։
«Տիկին, եթե չեք կարող լռել, դուրս եկեք։ Պարոն Չալաբյան, կոռեկտ պահեք ձեզ»,– ասաց Վահագն Հովակիմյանը։
ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը պահանջում էր հստակ հայտարարել, թե ո՞րն է ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունենալը. «Դուք խոչնդոտում եք Հայաստանում ժողովրդավարության կայացմանը»։
Մեկ ուրիշն էլ ասաց. «Եթե ԲՀԿ–ի չանցնելու համար 300 ձայն պակասեր, 4 տեղամասի արդյունքներ էինք անվավեր ճանաչելո՞ւ»։
Վահագն Հովակիմյանը դուրս հրավիրեց տեղից արտահայտվողներին և սկսեց շարունակել ԿԸՀ որոշման ընթերցումը։
Նշենք, որ ավելի վաղ ԿԸՀ նախագահը հայտարարել էր, թե որ քաղաքական ուժը քանի ձայն է ստացել։ Ըստ այդմ, ԲՀԿ–ն ստացել է 3.98 տոկոս քվե և չի հաղթահարել անցողիկ շեմը։


