ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելառուսում տեղակայված ռուսական միջուկային զենքը նախատեսված է ՆԱՏՕ-ին և Ուկրաինային զսպելու համար։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ այդ զինատեսակները նպաստում են նաև Միութենական պետության և ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների անվտանգության ապահովմանը։ Գերատեսչությունում պնդում են, որ Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը պատասխան քայլ է ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճին և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ ճնշումներին։

Հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ Ռուսաստանն ու Բելառուսը վերջին շաբաթներին անցկացրել են համատեղ լայնածավալ միջուկային զորավարժություններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վարժանքների ընթացքում Բելառուսի տարածք են տեղափոխվել միջուկային զինամթերք կրելու ունակ «Իսկանդեր-Մ» համակարգեր, իսկ զորավարժություններին ներգրավվել են տասնյակ հազարավոր զինծառայողներ։
Միևնույն ժամանակ Ուկրաինան և արևմտյան մի շարք երկրներ քննադատել են այս քայլերը՝ հայտարարելով, որ Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը մեծացնում է տարածաշրջանային լարվածությունը և լրացուցիչ ռիսկեր ստեղծում եվրոպական անվտանգության համար։
Աղբյուր՝ «ՏԱՍՍ» գործակալություն


