Նոր իրողությունների պայմաններում Մոսկվան պատրաստ է կառուցողական եղանակով վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ։
Ինչպես նշել է դեսպանը, Ռուսաստանի պատմությունը լի է հերոսությամբ, մեծ հաղթանակներով և աշխատանքային ձեռքբերումներով: Դարեր շարունակ ձևավորվել է ռուս ժողովրդի յուրահատուկ ինքնագիտակցություն, որը հիմնված էհայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո, պատմության, ժողովրդական ավանդույթների, հոգևոր և կրոնական արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ողորմածության և արդարության վրա։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը կրկին մտել է դժվարին փորձությունների շրջան, բայց երբեք ոչ մեկին չի հաջողվել կոտրել նրա ոգին կամ ստիպել հրաժարվել անկախությունից։
Նա համոզմունք է հայտնել, որ դրանում Ռուսաստանի շահերը լիովին համընկնում են Հայաստանի ազգային շահերի հետ։
Կոպիրկինի խոսքով` ներկայում ռուս-հայկական միջպետական համագործակցությունը հենվում է բարձրագույն և բարձր մակարդակներում կայուն և փոխադարձ հարգալից քաղաքական երկխոսության, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական ձևաչափերի, միջտարածաշրջանային շփումների, ամուր իրավապայմանագրային բազայի վրա:
«Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր հարաբերությունները մոտեցել են փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններըվերաիմաստավորելու և ադապտացման փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է համատեղ աշխատանք տանել կառուցողական փոխշահավետ ճանապարհով՝ առկա երկկողմ մեխանիզմների հիման վրա», – ասել է դիվանագետը։


