ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի նախկին թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում անդրադարձել է խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցին, ինչպես նաև պատասխանել այն քննադատություններին, թե նախորդ հինգ տարիների ընթացքում ընդդիմության ստացած մանդատները չեն ծառայել իրենց հիմնական նպատակին՝ իշխանափոխությանը։
Քոչարյանի խոսքով՝ ընդդիմությունն օգտագործել է իր տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական հնարավորությունները՝ դրանք համադրելով փողոցային պայքարի հետ։«Մեր մանդատների հավաքական ներուժի շրջանակում կիրառել ենք բոլոր հնարավոր մեխանիզմները, որոնք մշտապես զուգորդվել են փողոցային պայքարով։ Մենք ունեցել ենք առնվազն երկու խոշոր պայքարի փուլ։ Արդյո՞ք հասել ենք մեր նպատակին։ Ոչ։ Սակայն չեմ կարող նշել որևէ ժամանակահատված, երբ կարող էինք ավելին անել և չենք արել։ Դա փաստ է»,- նշել է նա։
Անդրադառնալով ներկա քաղաքական իրավիճակին՝ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ այսօր ընդդիմության հնարավորություններն ավելի մեծ են, քան նախկինում։Նրա գնահատմամբ՝ ընդդիմադիր ուժերն այժմ ունեն ավելի մեծ ներկայացվածություն, իսկ քաղաքական դաշտում առկա է նաև մեկ այլ ուժ, որը ստացել է ավելի շատ մանդատներ և հանդես է գալիս նոր դեմքերով։
«Կարծում եմ՝ ձևավորվում է պայքարի նոր և ավելի լայն հնարավորություն։ Բացի այդ, այս ամբողջ ժամանակահատվածում իշխանության լեգիտիմությունը լինելու է քննարկումների և կասկածների առարկա, ինչը նախկինում չի եղել։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների թիվն աճել է։ Եթե հաշվի առնենք նաև այսպես կոչված փոշիացված ձայները, ապա դրանց զգալի մասն էլ ընդդիմադիր է։ Խոսքը 600 հազարից ավելի ձայների մասին է։ Եթե դրանց թեկուզ 10 տոկոսը դուրս գա փողոց, ապա մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել այս իշխանության հարցը»,- ասել է նա։
Քոչարյանի խոսքով՝ անհրաժեշտ ներուժը գոյություն ունի, իսկ դրա արդյունավետ օգտագործումը կախված է թե՛ ընդդիմադիր ուժերից, թե՛ Հայաստանի ներքաղաքական զարգացումներից։


