Այսօր՝ հունիսի 12–ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել են ԲՀԿ ցուցակում ընդգրկված, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության։

Արեգնազ Մանուկյանը, ովուղիղ եթերում ցուցադրել է տեղի ունեցողը, պահանջում է նախ ներկայանալ և ցույց տալ խուզարկության իրավունք տվող փաստաթուղթը։

«Մենք ունենք դատարանի որոշում ձեր բնակարանում խուզարկություն կատարելու համար, դուք հիմա խոչընդոտում եք մեր գործողությանը, անջատեք ձեր հեռախոսը»,–ասում է ՔԿ–ի ներկայացուցիչը և ներկայանում, որ ինքը ՔԿ աշխատակից է, ազգանունը Գևորգյան։

Տեսնելով, որ Արեգնազ Մանուկյանը չի անջատում հեռախոսը և պահանջում է ցույց տալ ծանուցագիրը, ՔԿ աշխատակիցը հրահանգում է. «Վեկալեք ձեռքից հեռախոսը»։

Ի վերջո, պատգամավորի թեկնածուն ստիպված է լինում անջատել հեռախոսը, որպեսզի չվերցնեն այն իր ձեռքից։