Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ի արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահն ընթերցել է գրանցամատյանում արված «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Շուշան Ադամյանի գրառումը. «Ժամը 20։00-ի դրությամբ ընտրատեղամասի տարածք է բերվել 250 զինվոր և դեռ 20։10-ի դրությամբ դեռ այնտեղ էր գտնվում 75-ից ավելի զինվոր»։
Նա հայտնել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։
ԿԸՀ նախագահը նյութերն ուղարկել է դատախազություն։
Հիշեցնենք՝ ընտրության օրը լրատվամիջոցները ֆիքսել էին, որ Նուբարաշենի նշված ընտրատեղամասը փակվելուց մի քանի րոպե առաջ մեծ թվով զինծառայողներ են բերվել քվեարկության։ Ընտրատեղամասի ուղիղ եթերի կադրերից հստակ երևում էր առաջացած կուտակումը և հերթը. զինծառայողներն ազատ շրջում են ամբողջ քվեասենյակով։



