Ակցիզային հարկի դրույքաչափերը կբարձրանան. Կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11–ի նիստում ընթացք է տվել օրենսդրական նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, անուղղակի հարկերի գծով հարկային բեռի բարձրացումը, լրացուցիչ հարկային եկամուտների ապահովումը, ԵՏՄ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցության շրջանակներում ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցումը, ինչպես նաև առաջիկա տարիներին կանխատեսվող գների աճով պայմանավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեքսավորումն է:
Օրինագծով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը:
Մասնավորապես՝ առաջիկա տարիներին կանխատեսվող գնաճով պայմանավորված՝ ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ յուրաքանչյուր տարվա գործակիցը սահմանելով 3 տոկոս։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։
Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով՝ հաշվի առնելով այն, որ վարչարարական կարողությունները զարգացել են, և լաբորատոր փորձաքննության արդյունքներով հնարավոր է պարզել, որ տվյալ արտադրանքն իրապես պատրաստված է մրգահատապտղային հումքից։ Կոնյակագործությունը և խաղողագործությունը խթանելու նպատակով կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) համար առաջարկվում է սահմանել 4000 դրամ՝ անկախ տարիքային խմբից։


