Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը դարձավ ընդդիմադիր ուժերի կողմից մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հնարավորությունը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումների և վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ հայտարարություններից հետո խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստանը» դաշինքները, քննարկում են տարբեր տարբերակներ, այդ թվում՝ մանդատներից հրաժարվելու հնարավորությունը։ Սակայն այս հարցում կան մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել։
Հայաստանում, ինչպես նաև աշխարհի ցանկացած երկրում, լուրջ քաղաքական ուժերը ընտրություններին չեն մասնակցում պարզապես ընդդիմություն դառնալու նպատակով։ Սակայն ընտրություններում չհաղթելը դեռևս չի նշանակում, որ քաղաքական ուժը պետք է հրաժարվի իրեն վստահված մանդատներից։
Փորձենք գնահատել իրավիճակը՝ պատասխանելով մի քանի կարևոր հարցերի։
Արդյո՞ք մանդատներից հրաժարվելը կթուլացնի Փաշինյանի դիրքերը և կկասկածի տակ դնի նրա լեգիտիմությունը։ Պատասխանը, ամենայն հավանականությամբ, բացասական է։ Թեև առաջին հայացքից կարող է թվալ, որ ընդդիմության՝ խորհրդարան չմտնելը հարված կհասցնի իշխանություններին և կստեղծի քաղաքական ճգնաժամի տպավորություն, իրականում այդ պարագայում վարչապետը կստանա ավելի ազատ գործելու հնարավորություն՝ առանց խորհրդարանական հակակշռի և ընդդիմադիր վերահսկողության։ Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ապա իշխանություններն արդեն ստացել են միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների գնահատականներն ու շնորհավորանքները, ինչը հնարավորություն կտա շարունակել հղում անել ստացած մանդատին և ժողովրդական աջակցությանը։
Հաջորդ կարևոր հարցն այն է, թե ընդդիմությունն ավելի արդյունավետ կլինի՞ խորհրդարանում, թե՞ դրանից դուրս։ Եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում փորձի ակտիվացնել փողոցային պայքարը։ Սակայն վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ նման պայքարները չեն ապահովել ակնկալվող արդյունքները, իսկ հասարակության լայն շերտերը դեռևս պատրաստ չեն մասշտաբային և արդյունավետ փողոցային շարժումների։ Այդ պայմաններում ավելի իրատեսական կարող է լինել խորհրդարանում աշխատանքը շարունակելը և ինստիտուցիոնալ պայքար մղելը։
Խորհրդարանում ներկայություն ունենալու դեպքում ընդդիմությունը հնարավորություն կունենա սահմանափակել իշխանության լիազորությունների մի մասը, կանխել միանձնյա որոշումների ընդունումը և մասնակցել մի շարք կարևոր պաշտոնյաների ընտրության գործընթացներին։ Խոսքը վերաբերում է գլխավոր դատախազի, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, ԿԸՀ նախագահի, Կենտրոնական բանկի ղեկավարության, Հաշվեքննիչ պալատի անդամների և այլ առանցքային պաշտոնյաների նշանակմանը։ Բացի այդ, խորհրդարանական հարթակը հնարավորություն կտա ավելի կազմակերպված կերպով դիմակայել այնպիսի հարցերի, ինչպիսիք են տարածքային զիջումների, մասնավորապես՝ Տիգրանաշենի թեման, նոր Սահմանադրության ընդունումը կամ Անկախության հռչակագրի կարգավիճակի փոփոխությունը։
Միևնույն ժամանակ, խորհրդարանական գործունեությունը չի բացառում նաև արտախորհրդարանական պայքարի տարբերակները։ Երկու մեխանիզմները կարող են կիրառվել զուգահեռաբար՝ լրացնելով միմյանց։
Չի կարելի նաև անտեսել այն հանգամանքը, որ ընդդիմադիր ուժերին իրենց ձայնն են տվել շուրջ 550 հազար քաղաքացիներ։ Այդ ընտրողների քվեները քաղաքական ներկայացվածության իրավունք են ստեղծում, և բնական է, որ դրանց ճակատագրի շուրջ որոշումները պետք է լինեն մանրակրկիտ քննարկումների արդյունք։ Առավել ևս, որ դեռևս շարունակվում են վերահաշվարկները, հայտարարվել է Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները և խորհրդարանի վերջնական կազմը դեռ պաշտոնապես չեն ամփոփվել։
Այդուհանդերձ, ներկայումս առավել տարածված է այն տեսակետը, որ ընդդիմությունը պետք է ընդունի մանդատները և պայքարը տեղափոխի նաև խորհրդարանական դաշտ։ Նման ճանապարհով ժամանակին գնացել էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» դաշինքը, որը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ստանալով շուրջ 7 տոկոս ձայն, մուտք գործեց խորհրդարան և ընդդիմադիր գործունեությունը ծավալեց ինչպես ամբիոնից, այնպես էլ խորհրդարանական այլ գործիքների միջոցով։ Հետագայում հենց այդ քաղաքական գործունեությունն ու կուտակված ռեսուրսը դարձան ավելի լայն քաղաքական գործընթացների և իշխանափոխության նախադրյալներից մեկը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

