Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար, որովհետև սա մեզանից յուրաքանչյուրիս համար է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում քվեարկելուց հետո ասել է Արման Թաթոյանը:
«Այս ընտրություններն իսկապես պատմական նշանակության են, մենք այսօր որոշում ենք մեր ապագան, մենք որոշում ենք, թե մեր երեխաների համար ինչ երկիր ենք ունենալու: Ինձ համար կյանքում միշտ մեկ սկզբունք է գործել՝ շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն փոփոխություն անելու, արդարություն հաստատելու, քայլ անելու և բաց ես թողնում այդ հնարավորությունը, դա հետո չի լինում վերականգնել: Շատ անգամ ավելի լավ է, երբ որևէ բան անում ես և փոշմանում ես, քան չես անում և փոշմանում ես»,- նշել է Թաթոյանը:
Անդրադառնալով ստացված ահազանգերին՝ Թաթոյանը շեշտեց, որ ահազանգեր կան, դրանց ուշադրությամբ հետևում են և փորձելու են գործընկերների հետ համագործակցության միջոցով արձանագրել. «Բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք, որ մեր քաղաքացու քվեն չգողացվի»:


