«ՀՀ–ին չեն կարող հանել ԵԱՏՄ–ից». Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանը չի կարող զրկվել ԵԱՏՄ անդամությունից, քանի որ միության շրջանակում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով։
«ՀՀ-ին չեն կարող հանել ԵԱՏՄ–ից, այնտեղ որոշումները լինում են կոնսենսուսով»,– հայտնել է Փաշինյանը։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներն ունեն նաև վետոյի իրավունք։
Անդրադառնալով ԵՄ անդամակցության շուրջ հնարավոր հանրաքվեին՝ Փաշինյանը նշել է, որ դրա համար նախ պետք է լինի համապատասխան իրավական հիմք՝ օրինակ՝ ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ կամ թեկնածուի կարգավիճակ, ինչը ներկայումս չկա։
«Մենք օբյեկտիվորեն դեռ պատրաստ չենք այդ քայլին։ Հետևաբար, ձևական դիմում ներկայացնելու իմաստ չեմ տեսնում։ Շարունակելու ենք բարեփոխումների ճանապարհը և աշխատելու ենք եվրոպացի գործընկերների հետ»,– ասել է նա։
Փաշինյանի կարծիքով՝ ԵԱՏՄ որոշ գործընկերներ իրենց գործողություններով ոչ թե բարձրացնում, այլ նվազեցնում են միության նկատմամբ դրական վերաբերմունքը Հայաստանում։
Նա նաև վստահեցրել է, որ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը չի տուժի քաղաքական գործընթացներից։ Փաշինյանը հիշեցրել է, որ անցած տարի երկու երկրները ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, և համագործակցությունը շարունակվելու է, այդ թվում՝ TRIPP նախագծի շրջանակում։
Անդրադառնալով հայկական գյուղմթերքի նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումներին՝ Փաշինյանը նշել է, որ նման խնդիրներ նախկինում ևս եղել են, սակայն, նրա խոսքով, Հայաստանում որոշ քաղաքական ուժեր փորձում են դրանք լրացուցիչ սրել։


