Երևանում ընդդիմադիրներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՔՊ–ականները մեքենայով սադրիչ են ուղարկել, որը վրաերթի է ենթարկել քարոզարշավի անդամներին և հեռացել։
«Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են և ներկայացնում են Քննչական կոմիտե»,–հայտնեցին ոստիկանությունից։
Ավելի վաղ ՆԳՆ–ն հայտնել էր, որ վարորդը հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն, և նրան հարվածներ են հասցրել։
Ըստ ոստիկանության` վարորդը մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։


