ՌԻԱ Նովոստին գրում է.
«Թրամփի ուղին» ԱՄՆ-ին պետք է ոչ թե տնտեսական օգուտի, այլ Իրանի նկատմամբ լրացուցիչ հետախուզություն վարելու հնարավորության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Շևցովի խոսքով՝ նախագիծը դեռ գտնվում է «զրոյական փուլում», և դրա հեռանկարները դեռևս գնահատման կարիք ունեն։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի կարծիքով՝ միամտություն կլինի ենթադրել, որ ԱՄՆ-ը նման նախաձեռնության մեջ ներդրումներ է կատարում բացառապես տնտեսական շահերից ելնելով։
Նա նշել է, որ ներկայումս բեռնափոխադրումները իրականացվում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով և ավտոմոբիլային ճանապարհներով, որոնք ծանրաբեռնված չեն և շարունակում են արդիականացվել։ Բացի այդ, Ադրբեջանի կողմից Իրանի և Հայաստանի սահմանների երկայնքով կառուցվում է ժամանակակից ավտոմայրուղի, որի աշխատանքների զգալի մասն արդեն ավարտված է։
Շևցովի գնահատմամբ՝ նույնիսկ եթե ԱՄՆ-ը ներդրումներ կատարի «Թրամփի միջանցք» նախագծում, այն կարող է հետապնդել նաև այլ նպատակներ։ Նրա կարծիքով՝ խոսքը կարող է վերաբերել Իրանի սահմանների մերձակայքում ռազմական և հետախուզական ներկայության ապահովմանը։
Այս հայտարարությունն Ալեքսեյ Շևցովն արել է ՍՊՄՏՀ-2026-ի շրջանակում անցկացված ««3+3» հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» թեմայով նիստում։


