Փաշինյանը` ՌԴ-ից հայերի արտաքսման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնականոն գործընթաց է համարում, որ ապօրինի հիմքով այլ երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են արտաքսվել։
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլում Ռուսաստանի կողմից ՀՀ քաղաքացիների զանգվածային արտաքսումների մտահոգությանը, համոզմունք հայտնեց, որ այդ մտավախություններն անտեղի են, քանի որ առկա են համապատասխան կարգավորումներ, որոնք շարունակելու են գործել։
«Մյուս կողմից՝ ես քարոզարշավի ընթացքում հանդիպում եմ բազմաթիվ անձանց՝ Հայաստանի քաղաքացիների, ովքեր վերադարձել են Ռուսաստանից և ասում են, որ ուրախ են, որ վերադարձել են ու մնալու են Հայաստանում։ Եվ 2025 թվականն առաջին տարին է, երբ արտագաղթը դադարել է Հայաստանի Հանրապետությունից և ներգաղթ է սկսվել»,-գոհունակությամբ արձանագրեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ եղել են անօրինական հիմքերով Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների արտաքսման դեպքեր, ընդհուպ, երբ մարդիկ ստիպված են եղել փոխել իրենց անունը կամ ազգանունը՝ խնդրի լուծման համար։
Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր երկրներն էլ արտաքսում են անօրինական հիմքով իրենց տարածքում գտնվող օտարերկրացիներին։
«Օրինական հիմքով գտնվողին չեն կարող դեպորտ անել, իսկ անօրինական հիմքով՝ ոչ միայն կարող են, այլև պարտավոր են»,-պարզաբանեց նա։


