Թուզը՝ բրոնխիտի, երիկամների ու լյարդի խնդիրների բուժման համար

Թուզն ամենահաճելի մրգերից մեկն է` քաղցր, մսալի, յուրահատուկ հյութով ու համով: Այս միրգը ոչ միայն հաճելի է, այլեւ շնորհիվ իր մեջ պարունակող տարբեր նյութերի` շաքար, միկրոտարրեր, ճարպ ու հարուստ բջջանյութ, ունի նաեւ բուժիչ հատկություններ: Պարզվել է, որ թզի օգտագործումից նկատվում է արյան բաղադրության լավացում, կարմիր գնդիկների ավելացում եւ հեմոգլոբինի տոկոսի բարձրացում: Ժողովրդական բժշկության մեջ դեռեւս այսօր էլ թուզն օգտագործում են շնչառական ուղիների, լյարդի եւ լեղապարկի, սակավարյունության, ռախիտի եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով: Բուժիչ նպատակով պատրաստում են թզի թեյ` 3 հատ չորացրած թուզը լցնել 2 բաժակ եռացող ջրի մեջ, մի քիչ եռացնել, կրակից վերցնելուց 10-20 րոպե հետո քամել եւ մաս-մաս խմել:

Ստացված թեյը, բացի այն, որ հաճելի ըմպելիք է, նաեւ լավ միզամուղ է եւ օգնում է վերին շնչուղիների բորբոքումների ժամանակ: Բրոնխիտի, լարինգիտի` կոկորդի բորբոքում, ժամանակ խորհուրդ են տալիս թուզը եփել կաթի մեջ (200 գրամ չոր թուզը լավ մանրացնել եւ 200 գրամ կաթի մեջ եփել այնքան, որ ստացվի թանձր սերուցքանման զանգված, ապա թողնել մինչեւ սառչի) եւ մաս-մաս ուտել: Թուզը օգտակար է սրտխփոցի, բրոնխային ասթմայի, հազի, սրտի ցավերի, թոքաբորբի ժամանակ, իսկ նրա օգտագործումը կերակրի մեջ նշի հետ օգտակար է հյուծվածության ժամանակ։ Չորացրած թուզը ունի թուլացնող հատկություն։ Թզի հյութը երեխաների համար ունի ակտիվացնող հատկություն, բացում է ախորժակը, լավացնում է մարսողությունը։

Թզի հյութը օգտակար է նաեւ մկանային եւ հոդային ցավերի, մաշկի հիվանդությունների, երիկամների եւ միզասեռական օրգանների քարերի, լյարդի մեծացման եւ ցավերի ժամանակ։ Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ ամենաարժեքավորը սպիտակ թուզն է, այնուհետեւ` կարմիրը, սեւը։ Տերեւներից, պտուղներից արտադրվող սպիտակ հյութը` կաթը, ըստ նրա, օգնում է ազատվել գորտնուկներից, վիտիլիգոյից (մաշկի պիգմենտացիայի կորուստ)` քսելու ձեւով, օգտակար է երիկամային ու միզապարկի հիվանդությունների դեպքում։ Ճյուղերից ստացված մոխիրով հոգնա են անում դիզենտերիայի, լուծի դեմ։ Բույսի կաթը խմում են նաեւ կարիճի խայթոցի, շան կծածի ժամանակ (մեղրի հետ): Տերեւները ծամելը մաքրում է ստամոքսը։

Թզի կաթի եւ մեղրի խառնուրդի կաթեցումը` աչքի մեջ, կանխում է կատարակտով հիվանդանալը։ Չափազանց արժեքավոր սնունդ է թզի չիրը։ Չիրը` անանուխի, ուրցի հետ ուտելու դեպքում, մաքրում է միզապարկը, երիկամները։ Թզի չիրը շատ օգտակար է ուտել ընկույզի հետ։ Իսկ եթե չիրը եփվի 1 լիտր գինու քացախի հետ եւ 1 օր թողնվի, այնուհետեւ թրջոց դրվի փայծաղի շրջանում, շատ կօգնի բուժմանը։

Կարդացեք այստեղ՝ https://most-new.com/hy/post/21846?fbclid=IwY2xjawFHfHJleHRuA2FlbQIxMQABHZJ4LUnUd-fYllYECPb6LtZCEaDiGetO2aLAHjWTKzaXFRe5IprY3IaHUg_aem_it0_GjvNzg3GFH1MZghVBg

835 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն