Ամսական 50,000 դրամ տրամադրելը նպատակ ունի խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։
2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն, ընտանիքը ստանում է ամսական 50,000 դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները ծնվել են 2022 թ․ հունվարի 1-ից հետո։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ դրամական աջակցությունը նշանակվում է այն դեպքում, երբ՝
- աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
- դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
- դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։
Ընդ որում, զույգ կամ միաժամանակ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվում բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և նշանակվում դրամական աջակցություն՝ նոր ծնված բոլոր երեխաների համար։ Այսինքն, եթե ընտանիքում կա 1 երեխա և ծնվում է զույգ, ապա ընտանիքում 3 երեխայի առկայության դեպքում դրամական աջակցություն է նշանակվում արդեն նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար, տվյալ օրինակի համաձայն՝ ընտանիքը 6 տարի շարունակ կստանա ամսական 100,000 դրամ։