Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթից՝ նշելով, որ պաշտոնական հրավերներ չեն ուղարկվել, և տարբեր երկրների առաջնորդների բացակայությունը Կրեմլում արտասովոր չեն համարում։
«Մենք այդ միջոցառումներին հատուկ որևէ մեկին չենք հրավիրել։ Դրանք հոբելյանական միջոցառումներ չեն եղել։ Պարզապես տեղեկացրել ենք, որ ուրախ կլինենք, եթե ինչ-որ մեկը գա։ Որևէ մեկին չենք արգելել մասնակցել, այդ պատճառով էլ տարբեր երկրների ներկայացուցիչների բացակայությունը մեզ համար արտասովոր չէ»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ Մոսկվա ժամանած առաջնորդները նաև «անձնական խիզախություն» են ցուցաբերել, քանի որ մասնակցելու որոշումը կայացրել էին մինչև եռօրյա հրադադարի շուրջ պայմանավորվածությունները։
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է՝ չի կարող մասնակցել մայիսի 9-ի շքերթին՝ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պատճառով։ Հիշեցնենք, որ 2025 թվականին նա մասնակցել էր Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։


