Հանտավիրուս․ ինչ է այն, որքան է տարածված և ինչ վտանգ է ներկայացնում
Ինչ է հանտավիրուսը, ովքեր են վարակվում և ինչպես է տարածվում
Հանտավիրուսները զոոնոտիկ վիրուսներ են, որոնցով սովորաբար վարակվում են որոշ կրծողներ և երբեմն կարող են վարակվել նաև մարդիկ։ Հանտավիրուսները առկա են կրծողների որոշ տեսակների մոտ, հիմնականում Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում։ Մարդիկ սովորաբար վարակվում են վարակված կրծողների կամ նրանց կենսաբանական հեղուկների հետ շփման միջոցով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ Արևելյան Ասիայում, մասնավորապես Չինաստանում և Կորեայի Հանրապետությունում, հանտավիրուսի պատճառով առաջացած երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդը տարեկան հազարավոր դեպքեր է առաջացնում, չնայած վերջին տասնամյակներում դեպքերի թիվը զգալիորեն նվազել է։ Եվրոպայում ամեն տարի մի քանի հազար դեպք է գրանցվում, հիմնականում հյուսիսային և կենտրոնական շրջաններում։ Ամերիկայում հանտավիրուսի պատճառով առաջացած սիրտ-թոքային համախտանիշը շատ ավելի հազվադեպ է հանդիպում, տարեկան՝ հարյուրավոր դեպքեր։
2026 թ. մայիսի 2-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հաղորդվել է զբոսանավի վրա ծանր շնչառական հիվանդություն ունեցող ուղևորների խմբի մասին։
Մայիսի 6-ի դրությամբ գրանցվել է ութ դեպք, այդ թվում՝ երեք մահ։ 8 դեպքերից հինգը հաստատվել են որպես հանտավիրուս։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանրային առողջության ռիսկը գնահատում է որպես ցածր։ ԱՀԿ-ն կշարունակի համագործակցել բոլոր համապատասխան կառավարությունների և գործընկերների հետ՝ տուժածներին խնամք տրամադրելու, ուղևորների անվտանգությունն ու արժանապատվությունը պաշտպանելու և վիրուսի հետագա տարածումը կանխելու համար։
Նշենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից այսօր հայտնել են, որ Հայաստանումիրավիճակը վերահսկելի է, և բնակչության համար վտանգ չկա։ Հանտավիրուսի տարածման ռիսկը մեր երկրում ներկայումս գնահատվում է ցածր, իսկ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին։
Հիվանդությունը դրսևորվում է տենդով, ստամոքս-աղիքային ախտանիշներով, թոքաբորբի արագ զարգացմամբ, սուր շնչառական դիսթրես համախտանիշով և շոկով։


