ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Պետրոսյանի որոշմամբ ՀՀ Քր.օր.-ի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ապրիլի 23-ին ժամը 12:00-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
«Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել «Mercedes CLS»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանը, վերջինի ուղևոր՝ Երևանի բնակիչ 25-ամյա Էռնեստ Սահակովը, «Jaguar»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Սիմա Միլիտոնյանը, որոնք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ թիվ 53 երթուղու ավտոբուսի ուղևոր Երևանի բնակիչ 53-ամյա Աննա Հակոբյանը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։
Հաստատվել է, որ «Mercedes «CLS»-ի վարորդ Վ. Մարկոսյանը ավտոմեքենան վարել է դրա իրավունքը չունենալով, նրա վարորդական իրավունքը եղել է կասեցված ու ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է Վ. Մարկոսյանը մտածված գերազանցում ավտոմեքենայի արագությունն ու անգամ տեսանկարահանում է իր «օյինբազությունը»՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա ինքը կնվաստացնի ու տանջելով գազի սեղմակը՝ դառնում է խոշոր ավտովթարի մասնակից։
Այստեղ են ասում, եթե վարորդ Վարդանի դասատուն ընկեր Մարգոն լիներ ու ուսուցչական ցուցափայտիկով մի քանի մուշտի ժամանակին տար, ապա այս վթարը տեղի չէր ունենա և հրաշք է, որ զոհեր չեն եղել, վիրավորների կյանքին էլ վտանգ չի սպառնում։ Սակայն «Mercedes «CLS»-ի վարորդը պետք է իր ականջին օղ անի, որ պապն ամեն անգամ փլավ չի ուտում և հանրությունը չի ուզում նոր Ճըվճըվի անուղղելի զավակներ ի հայտ գան, իսկ դրա դեմ պետք է պայքարեն առաջին հերթին իրավապահները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել»,-հայտնում է shamshyan.com-ը։



No Comment! Be the first one.