Ներկայումս ռիելթորական ոլորտը Հայաստանի Հանրապետությունում գործում է առանց որևէ օրենսդրական կարգավորման և տարիների փորձը ցույց է տվել, որ դա բացասական է ազդել ոլորտի կայացման և զարգացման վրա, արդյունքում հանգեցնելով ոլորտում գործող կազմակերպությունների և անձանց կողմից մատուցվող ծառայությունների որակի նվազմանը: Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Կադաստրի կոմիտեն ոլորտը կարգավորող նախագծեր է ներկայացնում։
Նշվում է, որ ռիելթորական գործունեության օրենսդրական պահանջների բացակայության պայմաններում ոլորտում գործունեություն են ծավալում անհատ միջնորդներ, որոնք գործում են ստվերում (չեն վճարում հարկեր) և իրենց գործունեությունն իրականացնում են հիմնականում համացանցի միջոցով: Ոլորտում առանց որևէ կրթական ցենզի անհատ միջնորդների գործունեությունը հանգեցրել է մատուցվող ծառայությունների որակի, գործարքի կողմերի իրավունքների պաշտպանվածության մակարդակի և ոլորտի նկատմամբ հանրության վստահության նվազեցմանը։
«Ռիելթորական գործունեության ոլորտում բացակայում է կարգավորման պետական համակարգը: Բացակայում են, կամ չեն գործում այն իրավական նորմերը, որոնք կարող են նպաստել ռիելթորի պատասխանատվության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև նրանց գործունեության տեղափոխմանը հարկման դաշտ:
Ռիելթորական գործունեության ներկայիս վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ոլորտի կանոնակարգման համար անհրաժեշտ է ստեղծել ռիելթորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտ, որը կհամապատասխանի ոլորտում առկա առանձնահատկություններին և կբավարարի շուկայի այսօրվա պահանջներին»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ:
Ըստ նախագծի՝ Կադաստրի կոմիտեի կողմից ուսումնասիրվել են ռիելթորական գործունեության ոլորտում շրջանառվող, ինչպես նաև գույքի կառավարման ոլորտում առկա միջազգային փորձը:
«Տարբեր երկրներում գոյություն ունեն ռիելթորական գործունեության կարգավորման տարբեր չափորոշիչներ. որոշ երկրներում այն կարգավորվում է նորմատիվ իրավական ակտերով, որոշ տեղերում՝ դիտարկվում է զուտ որպես ձեռնարկատիրական գործունեության առարկա՝ չենթարկելով խիստ նորմատիվ կարգավորումների: Ռիելթորական գործունեության կարգավորումը նման երկրներում հիմնականում իրականացվում է շահույթ չհետապնդող կազմակերպությունների կողմից ընդունված նորմերով՝ հիմքում դնելով տվյալ երկրի ձևավորված ավանդույթները և սովորույթները:
Կադաստրի կոմիտեի կողմից ուսումնասիրվել է աշխարհի զարգացած և զարգացող մի շարք երկրների փորձը»,-նշում է նա։
Ռիելթորական գործունեության կարգավորման և զարգացման ոլորտում առաջարկվող փոփոխություններից ակնկալվող արդյունքներն են՝
1) Ռիելթորական գործունեության նորմատիվ իրավական բազայի ձևավորում, ներդրում և կիրառում,
2) Ռիելթորական գործունեության ոլորտում միասնական կանոնների մշակում, նրանց պարտադիր կիրառման ապահովում,
3) Ռիելթորների որակավորման և վերաորակավորման ընթացակարգերի մշակում,
4) Որակավորված ռիելթորների մասնագիտական շահերի պաշտպանություն,
5) Անշարժ գույքի շուկայի մասնակիցների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ներդրման և կիրառման ապահովում,
6) Միասնական տեղեկատվական համակարգի մշակում, ներդրում և կիրառում,
7) Ռիելթորական գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում՝ այդ ոլորտի գործունեության ստվերային հատվածի տեղափոխում հարկման դաշտ,
Ռիելթորական գործունեության ոլորտի նկատմամբ հասարակության լայն զանգվածի վստահության բարձրացում,
9) անշարժ գույքի կառավարման ինստիտուտի ներդրում և ոլորտի կարգավորում:
Մանրամասները՝ այստեղ։