«Երեք ժամ տևած դատական նիստը մի բանի մասին է, արդյոք դատարանը կգնա՞ ժողովրդավարության ուղիով, որ Սամվել Կարապետյանը կարողանա մասնակցել նախընտրական քարոզարշավին, լինել բոլոր քաղաքներում։ Այսօրվա գլխավոր հարցը սա է»,-Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա դատարանի բակում հավաքվածներին տեղեկացրեց, որ դատարանը ցանկանում է երեք ամսով երկարացնել տնային կալանքը։ Ի պատասխան հնչեցին «ամոթ, ամոթ» բացականչություններ։
«Իրենց հույսն այն է, որ կխոչընդոտեն Կարապետյանին շփվել իր ժողովրդի հետ։ 3 ամսով տնային կալանքը երկարացնելու միջնորդության նպատակը Կարապետյանի ու իր ժողովրդի շփման խորընդոտումն է, քանի որ նրանք գիտեն, երբ Կարապետյանը սկսի գնալ Հայաստանի քաղաքներ, գյուղեր, ժողովուրդը կտեսնի, կհավատա նրան, հույս կունենա, հույսն էլ կբերի մեծ փոփոխություններ։ Նրանք վախ ունեն, որ Սամվել Կարապետյանը կշփվի իր ժողովրդի հետ»,-ասաց նա։
Նարեկ Կարապետյանը ներկաներին նաև տեղակացրեց, որ դատական նիստը հետաձգվել է երկու օրով։
«Նիստում փաստաբան Լիաննա Գասպարյանը դատավորին ուղղված իր ելույթում ասաց. «Ձեր որոշումը սոսկ դատական որոշում չէ, սա կարևոր որոշում է, որը ազդելու է հայ ժողովրդի ապագայի վրա, պատմական ազդեցություն է ունենալու Ձեր որոշումը հայ ժողովրդի ապագայի վրա»։ Երկու օրից տեղի կունենա նիստի շարունակությունը, հույս ունենք՝ դատավորը որպես հայ մարդ կանի հային վայել հետևություններ այս կարևոր ջրբաժանի ժամանակ»,-ասաց Կարապետյանն ու շնորհակալություն հայտնեց հավաքի մասնակիցներին։