«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, նույնիսկ չի իմացել, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիին դստեր մասնակցության մասին. Aravot.am

Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաեւ Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը եւ այլք: «Միասնական ազգ» բարեգործական հասարակական կազմակերպության այս ՄԵՆՔ/ MENQ նախաձեռնության հավաքը կայացել է մայիսի 27-ին, երբ դեռ ջրհեղեղ էր Տավուշի եւ Լոռու մարզերում: Սոցցանցերում թիրախավորվել է այդ միջոցառմանը մասնակցած երգչուհի Սոնա Շահգելդյանը, որի լուսանկարներից մեկը տարածվել էր ֆեյսբուքում: Aravot.am-ը մեկնաբանության համար կապվել է երգչուհու հետ: Նա ասել է, որ բոլոր լրագրողներին հարգում է, բայց չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել: Նշել է նաեւ, որ ինքը երբեք փարթիների չի գնում, մասնակցում է միայն բարեգործական համերգների: Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Անահիտ Շահգելդյանը, Aravot.am-ին տեղեկացրել է, որ մեկ ամիս առաջ Սոնային այդ միջոցառմանը հրավիրել է «Աստղածնունդ» հաղորդման վարող Արայիկ Համբարձումյանը, ասել է՝ բարեգործական համերգ է, եւ Սոնայի ծանոթներից՝ բարեգործական միջոցառումներ նախաձեռնող Կարինեի ծննդյան օրը:

«Սոնան անգամ չի իմացել, որ դրես կոդ կա, կանանց հագուստը պետք է սպիտակ լինի, տղամարդկանց հագուստը՝ սեւ, ինքը սեւ հագուստով է գնացել, չի իմացել, թե ովքեր են հրավիրված… Այդ միջոցառումը կարծեմ ժամը 2-ին է սկսվել, ինքը ժամը 5-ի կողմերն է գնացել: Իր բալիկի հետ գնացել, երգել ու եկել է: Հերոս մայրեր են նստած եղել, իրենց համար է երգել: Միջոցառման վարողն ասել է, որ Կարինեի ծննդյան օրն է, ով բարեգործ կին է, ում հրավերով Սոնան բարեգործական միջոցառումների ժամանակ անվճար երգում է… Ամիսներ առաջ էլ 44-օրյա պատերազմի մասնակիցներից՝ ձեռք ու ոտք կորցրած մի տղայի հարսանիքին է Սոնան Կարինեի հրավերով գնացել ու երգել՝ բարեգործական հիմունքներով: Իսկ այդ օրը Սոնան երգել է ազգագրական շարաններ, վերջում էլ՝«Ես քո զավակն եմ, Հայաստան», նվիրել է հերոսների մայրերին ու թողել եկել է… Այնտեղ տարբեր բնագավառի մարդիկ են եղել, բայց մենք ոչ մեկի հետ առնչություն չունենք, Սոնան նեյտրալ մարդ է: Միջոցառման վարողն ասել է՝ բարեգործական միջոցառում է, քեզ շատ են սիրում, ուզում են, որ դու երգես, այդ կինն էլ շատ լավ կին էլ (Կարինեն-խմբ.), միշտ զինվորներին օգնում է, դրա համար է գնացել Սոնան»:

Անահիտ Շահգելդյանը հավելել է. «Երեկ երեկոյան է Սոնան իմացել, որ զոհեր ունենք, ու որ ահավոր բան է տեղի ունեցել: 44-օրյա պատերազմից հետո ինքը չի երգել, տարբեր միջոցառումներ են արել, չի մասնակցել: Մենք ամեն օր լաց ենք լինում, թե ինչ տղաներ ենք կորցրել…Սոնան իր ծննդյան օրը՝ փետրվարի 14-ին համերգ էր դրել, բայց քանի որ այդ օրը զոհեր ունեինք, այդ համերգն էլ է հանել: Ասում էր՝ չեմ կարող երգել, զոհեր ենք ունեցել…»:

1 569 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն