«Զանգել էր, ասացի՝ Արսեն, ձայնդ մի ձևի ա, ասաց՝ մամ, անձրև ա գալիս, բոմբերի կարկուտա․ ասեցի՝ բա ինչի՞ ես զանգել, փախի, ասաց՝ ո՞ւր փախնեմ, տեղ չկա»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Եկեք պահենք մեր մայր լեզուն,

Քանզի լոկ սա է մնալու,

Սա է, որ մեզ պետք է օգնի, պետք է ընդմիշտ առաջնորդի,

Դրդի անել անկարելին, վերադարձնել՝ անդառնալին»։

https://youtu.be/kRHGdwDg8Ik

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Կիրակոսյանի գրած տողներն են։

«Ինքը տետր է ունեցել, բայց բանակ գնալուց առաջ չգիտենք՝ ինչ է արել։ Չկարողացանք գտնել, իր սևագրերից ընկերուհին գիրք է հավաքել «Անժամանակը»»,- Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց Արսենի մայրը՝ Մարո Դավթյանը։

Սերժանտ Արսենը ծառայել է օկուպացված Արցախի Հանրապետությունում՝ Մարտունիում։ Մոր խոսքով՝ որդին երբեք չի դժգոհել իր ծառայությունից։ Շնորհակալագիր են տվել լավ ծառայության համար։

«Պատերազմի ժամանակ էլ, մինչև հոկտեմբերի 25-ը ծիծաղելով է խոսել։ Իր երկու մեծ եղբայրներն ուզում էին գնալ, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, պետք չի որ գաք։ Հիմա ենք հասկանում, որ ինքը չէր ուզում, որ իր եղբայրներն այդ դժոխքի միջով անցնեն։ Զանգեց, ասաց, որ իր զինվորների հետ պետք է տեղափոխվի Ֆիզուլի։ Ինքն իր զինվորներին ասում էր՝ էրեխեքս։ Ասաց՝ երեխեքիս պետք է տանեմ Ֆիզուլի ու այդ ժամանակ պայթյունի ձայն լսվեց։ Երկու օր փնտրել ենք իրեն, ինքը չկար, հետո զանգեց, ասաց, որ այդ պայթյունի ժամանակ մեքենայի մեջ իր էրեխեքն են եղել ու բոլորը վառվել են։ Լացելով ասում էր՝ մամ, վառվեցին իմ էրեխեքը, ես ոչ մի բան չկարողացա անել, ոչ մի բան։ Դրանից հետո ինքը կոպտացել էր, չարացել էր։ Ասում էր՝ էրեխեքս ինձ ամբողջ գիշեր տեր են կանգնել, որ ես առողջ լինել, իրենց մոտ լինեմ, ինձ խոտերով չայ են տվել, առավոտն իրենք վառվել են։ Արդեն հասել էր Ֆիզուլի, զանգել էր, ասացի՝ Արսեն, ձայնդ մի ձևի ա, ասաց՝ մամ, անձրև ա գալիս, ասացի՝ այստեղ արև ա, ասաց՝ մամ, բոմբերի կարկուտա գալիս։ Ասեցի՝ բա ինչի՞ ես զանգել, փախի, ասաց՝ ո՞ւր փախնեմ, տեղ չկա»,-պատմում է Արսեն մայրը։

Որդին կարողացել է զինվորի կյանք փրկել, վիրավորին հանել է մարտի դաշտից, տարել հիվանդանոց, եղբայրներին էլ խնդրել, որ գտնեն վերջինիս հարազատներին։ Նա ողջ է մնացել։

Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 27-ին։ Ասել է՝ մամ, ես լավ տեղ եմ գնում։ Մայրն ասում է՝ գիտակցել է, որ մահվան է գնում։

Արսենը վերևում կրակահերթ է բացել, որ զինվորները ներքևում կարողանան նահանջել։ Ամբողջ գիշեր կրակել է՝ թշնամուն պատճառելով մեծաթիվ կորուստներ։ Լուսադեմին թշնամին նկատել է Արսենին։ Հորդորել են, որ հեռանա, բայց չի գնացել, կրակել է մինչև վերջին շունչն ու ասել՝ թող ես լինեմ վերջին զոհը։

100 օր չեն գտել Արսենի դին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

 

Իրավաբան.net
283 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն