Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն բնակավայրում անասնակեր է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի և Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել մոտ 700 հակ անասնակերում։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանին գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է սեփականատիրոջ ինքնությունը։