Անհետ կորած համարվող Էրիկը Բաքվում է


«Սեպտեմբերի 19-ին կապն ընդհատվեց Էրիկի հետ։ Հետո Արցախում սկսվեց կռիվը։ Մեկ տարեկան աղջկաս հետ Հաթերքի տարհանման ժամանակ դուրս եկանք ու հետո տեղափոխվեցինք Գորիս։ Նրա հետ չկարողացա այլևս խոսել, որովհետև կապի կայանները վնասվել էին»
. Ալլա Էմիրյանը MediaHub-ին պատմում է ընտանիքի գլխով անցած պատմությունը, որն ամեն անգամ խոսելիս երիտասարդ կնոջը ստիպում է արտասվել։

Ալլայի աչքն ամուսնու ճամփին է եղել մինչև հոկտեմբերի 5-ը։ Երբ վերջին ավտոբուսն ու մեքենաները Ստեփանակերտից Գորիս են հասել, այդ ժամանակ կինը հասկացել է, որ ամուսինը չկա։ Ծնունդով Կապանից Էրիկ Ղազարյանի անունը հայտնվեց անհայտ կորածների ցուցակում։

Մինչ Ալլան ամուսնուն փնտրելու համար տարբեր կառույցների դռներ էր ծեծում, մեկ ամիս անց Կարմիր խաչի առաքելությունից նրան փոխանցում են, որ Էրիկը գերության մեջ է։

«Այնպիսի զգացողություն էր, որ չգիտեի՝ ուրախանայի՞, թե՞ տխրեի, որ գերության մեջ է։ Ինքս ինձ հավաքեցի, ասացի՝ «կարևորը ողջ է»։ Հետո ադրբեջանական համարով Էրիկն է զանգել։ Տրամադրված մի քանի րոպեների խոսակցությունը, թվում էր, շատ երկար տևեց, կարևորը լսեցինք միմյանց ձայնը, հարցուփորձ արեց բոլորից, ես էլ իրենից լսեցի, որ լավ է»,- պատմում է նա:

Էրիկը, ինչպեսև Բաքվում պահվող մյուս գերիները, հնարավորություն ունի զանգահարելու ամիսը մեկ անգամ։ Ալլան ասում է, որ հիմա զանգերն ավելի հաճախակի են դարձել, և դա իրեն հույս է տալիս, որ ամուսնու գալը չի ուշանա։

«Աղջիկս արդեն դարձել է մեկ ու կես տարեկան։ Էրիկն ամենաշատը նրան է կարոտում։ Քանի որ Կարմիր խաչի ու մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջնորդությամբ հնարավորություն ունենք նամակագրության ու տեսագրության փոխանցման, երեխայի վիդեոներն եմ ուղարկել, պատասխան նամակում գրել է, որ տեսել է, կարոտում է։ Հետո հնրավորություն եղավ այստեղից ինչ որ բան ուղարկելու։ Նրան հագուստ, քաղցրավենիք ու գրքեր ենք ուղարկել, որը դարձյալ հասել է իրեն»։

Ալլայի խոսքով՝ պահման վայրում ամուսնուն օրական երեքանգամյա սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրում։ Մտահոգող միակ բանը վերադարձն է, որի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չկա։

«Աղոթքներս Էրիկի ու մյուս գերիների մասին է։ Բոլորը գան, միանան ընտանիքներին, մի օր վերջակետ դրվի սպասման ցավին, ավարտվեն պատերազմները, դադարի հակամարտությունը։ Մի կյանք ենք ապրում՝ իրար կարոտով չապրենք»,- եզրափակեց Ալլա Էմիրյանը։

Առավել մանրամասն` այստեղ.

4 987 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն