Մայրը չկարողացավ վերջին հրաժեշտը տալ որդուն․ ականատեսը պատմում է

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված  Նանար Պողոսյանը  «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմել է շրջափակման դժվարությունների, վերջին հարձակման հետևանքների մասին։ Մեր հերոսը ծնվել է Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում։

Նանարն ասում է, որ ինքը հաղթանակի սերունդ է ու պատմում իր ծննդյան պատմությունը, թե ինչպես են մորը տանկի ուղեկցությամբ հասցրել հիվանդանոց։

«Մորական տատիկս խնդրել է պարետին ու տանկի ուղեկցությամբ շտապ օգնության ավտոմեքենան եկել ու զինված խմբով մայրիկին տեղափոխել են հիվանդանոց։ Իմ խիզախ ու չկոտրվող լինելը երևի սկսվել է իմ ծննդյան պատմությունից»,-նշում է Նանարը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Շատերն այդ անգամ էլ ստիպված եղան թողնել իրենց տները, բայց ոչ Նանարը, նա մնացել է իր ծննդավայրում ու պայքարել Արցախի ազատության, ապագայի և իր Արցախում ապրելու իրավունքի համար։

«2020-ին ես դուրս չեմ եկել, որովհետև դա իմ պարտականությունն էր։ Պետք է ծառայեինք հայրենիքին։ Ո՞նց արնաքամ մորդ միայնակ թողնես և հեռանաս, այդ պահին Արցախը վիրավոր էր, այդ պահին զգում էր բոլորիս կարիքը և ես սեռերի մեջ տարբերություն չեմ դնում․ կին, թե տղամարդ, բոլորն էլ պարտավոր են ծառայել հայրենիքին։ Իմ աշխատանքի հետ մեկտեղ սնունդ և անհրաժեշտ պարագաներ էի հասցնում դիրքեր, տղաներին և նկուղներում մնացած մարդկանց։ Անօդաչու թռչող սարքերն անընդհատ ֆիքսում էին մեքենաս, հաճախ կանգնեցրել, իջել եմ, որ թաքնվեմ։ Գնում էի դեպքի վայրեր և իմ հեռախոսով նկարում կատարվածը, որ ստեղծված իրավիճակը ներկայացնեմ աշխարհին։ Անընդհատ կոչեր էի անում, բայց ինչպես գիտեք՝ աշխարհը լուռ էր»,-ասաց նա։

Մեր զրուցակիցն ասում է, որ երբեք իր կյանքը չի պատկերացրել Արցախից դուրս։

«Շատ եմ ճամփորդել, բայց երբ վերադառնում էի Արցախ, սիրտս տեղն էր ընկնում։ Մեկ է տունն ու հողը, այն տեղը, որտեղ ծնվել ես՝ ուրիշ են։ Տանջանք է, երբ դու ունես հայրենիք, ունես հող, բայց ապրում ես օտար երկրում։ Նույնիսկ պատերազմի օրերին մի օր չեմ մտածել, որ ես պետք է դուրս գամ Արցախից։ Դա իմն է։ Ո՞նց կարող ես ասել՝ սիրում եմ հայրենիքը, բայց ապրել ուրիշ տեղ։ Հայրենիքը սիրելը, հայրենիքում ապրելով է լինում։ Չես կարող գնալ օտար երկիր և ասել՝ ես սիրում եմ Արցախը։ Դա ինձ համար կեղծ է։ Եթե յուրաքանչյուր մարդ, ամեն մեկն իր աշխատավայրում իր գործը գիտակցի որպես ծառայություն, այս օրին էլ չենք հասնի»,-ասում է նա։

Նանարն արցախցու չկոտրվող տեսակի մասին պատմել է նաև Արցախի ապօրինի շրջափակման 9 ամիսների ընթացքում։ Դատարկ խանութներ, հացի հերթեր, սոված ու կիսասոված մարդիկ։ Բայց Նանարը տարբեր հարթակներում ցույց է տվել, որ իրենք կոտրված չեն, որ իրենք պայքարում են ու կդիմանան, միայն թե ապրեն իրենց տանը՝ Արցախում։

«Միշտ երանի եմ տալիս այդ օրերին։ Շրջափակում ասվածն այն մարդիկ չեն հասկանա, ովքեր չեն ապրել այդ օրերը, բայց ես նույն կերպ իմ առօրյայով ապրում էի։ Ինձ այդ գազի լույսի չլինելը, խանութների դատարկությունն այդքան չէր նեղում, ինչքան այն, որ ոտնահարված են մեր իրավունքները։ Արցախցու պայքարը սովի համար չէր, արցախցու պայքարն իր ոտնահարված իրավունքների համար էր։ Ամեն ինչ արել ենք, որ ձայնը լսելի լինի, բայց այդ ամենն ապարդյուն եղավ, դրա համար չեմ հավատում ոչ մի մարդասիրական իրավունքի, որովհետև երբ դու այդ կյանքով ապրել ես, տեսել ես, դու չես կարող հավատալ, որ ինչ-որ բան լավ կլինի»,-ասում է նա։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի մասին պատմելիս, նա նշում է, որ գեղեցկության սրահում է եղել, երբ թշնամին սկսեց հերթական ագրեսիան Արցախի դեմ։

«Վերջին պահն էր արդեն, երբ ռմբակոծեցին, սրահում մարդ չմնաց, սկսեցի ինքս հարդարել մազերս, մտածում էի՝ դե, եթե մեռնելու ենք, գեղեցիկ մեռնեք։ Կարծում էի, թե հերթական կրակոցներն են, շուտով կավարտվեն»,-ասում է նա ու ժպտում։

Կրակոցները հերթականը չէին ու արագ չավարտվեցին։ Նանարը ոչ մի կապ չի ունեցել հարազատների հետ, մոր աշխատավայր է գնացել, բայց այնտեղ նրան չի գտել, միայն փոքր քույրիկի տեղն է իմացել, քանի որ երեխայի հետ հիվանդանոցում էր եղել։

«Ավելի ուշ գնացի մանկական հիվանդանոց, այնտեղ մայրիկիս էլ գտա։ Ահավորը հետո սկսվեց, մի քանի օր չէին երևում քույրիկներիս ամուսինները, նրանք դիրքերում էին։ Քույրիկներս անընդհատ լացում էին։ Փեսաներս շրջափակման մեջ էին, չգիտեի՝ ինչ անել։ Երբ երեք օր իրենցից լուր չկար, արդեն գժվել էինք։ Գնացի դիահերձարան, այդ տեսարանները երբեք չեմ մոռանա ու սկսեցի փնտրել։ Անընդհատ դիեր էին բերում, այդ ապրումները չեմ մոռանա։ Դիեը սառած էին, թրջված, միայնակ բարձրանում էի, որ շրջեի, տեսնեի փեսաներս են, թե ոչ։ Շատերի դեմքերն անճանաչելի էին։ Հաջորդ օրն էլի գնացի, որ փնտրեմ քույրերիս ամուսիններին, փոքր քույրս հետս եկավ, ինքը սպասեց դրսում ու ես նորից մտա, սառնարաններում սկսեցի փնտրել։ Աշխատողն ասաց, որ Մարտունուց մի դի են բերել, դեռ ճանաչման ներկայացված չէ, ես նայեցի ու նմանեցրեցի եղբորս հարազատ ընկերոջը՝ Վիտալիին։ Դուրս եկա, քույրիկիս ասացի, փեսաներից ոչ ոք այդտեղ չէ։ Հիշում եմ, որ մինչև Վիտալիի դիրքեր գնալը մեր տուն էր եկել, եղբայրս ասաց՝ սպասի միասին կգնանք, բայց ինքը չսպասեց։ Եղբորս ասացի, որ տեսել եմ ընկերոջ դին, բայց չգիտեմ․․․Եղբայրս գնաց դիահերձարան, եկավ ասաց՝ ինքն է։ Նա զոհվել էր հենց այն դիրքում, որտեղ եղբայրս էլ է եղել։ Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհն արդեն փակ էր, Վիտալիին պետք է հուղարկավորեին ու իր մայրը չկարողացավ մասնակցել որդու հուղարկավորությանը։ Իր քույրը խնդրեց, որ նկարեմ զոհված եղբորը, որ մայրը տեսնի»,-պատմեց նա։

Հետո քույրերի ամուսինները դուրս են եկել շրջափակումից ու նրանք միասին, սեպտեմբերի 25-ին Արցախից դուրս են եկել։ Ասում է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր։

«Հակարիի կամուրջն անցնելիս մտավախություն ունեի, որ ինձ չեն թողնի դուրս գամ, որովհետև անընդհատ իրենց մոտ տարածում էին իմ տեսանյութը, որ Արարատի գլխին Արցախի դրոշն եմ դնում, ինձ ներկայացրել էին որպես անջատողական»,-ասում է նա։

Նանարն այնուամենայնիվ անցել է կամուրջն ու հիմա ասում է, որ պետք է պայքարել երկիրն ամրացնելու, հզորացնելու համար։

«Մենք ունեինք հաղթանակած Արցախ ու եթե բոլորս ապրեինք Արցախում, Արցախն այս օրին չէր ընկնի»,-շեշտում է Նանար Պողոսյանը։


Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net
670 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն